RESET · ՈՒՂԵՑՈՒՅՑ 02

Ինչպես բաց թողնել մարդուն, ով քո կյանքում այլևս տեղ չունի

10-օրյա ինքնաանդրադարձի ուղեցույց՝ հասկանալու, թե ինչն է քեզ պահում այդ հարաբերության մեջ և ձևակերպելու առողջ հարաբերությունների քո չափանիշները։

Պատրաստիր նոթատետր, այս ուղեցույցի հարցերին առաջարկում ենք պատասխանել գրավոր։

Մինչ սկսելը

Այս աշխատանքը մրցավազք չէ

Այս ուղեցույցը չի խոստանում մեկ օրում ավարտել ներքին գործընթացը։ Այն օգնում է կանգ առնել, տարբերել մարդուն նրա հետ կապած հույսերից և ավելի հստակ տեսնել՝ ինչ է կատարվում քո ներսում։

Ինչպես աշխատել ուղեցույցով

  • Ընտրիր հանգիստ և հնարավորինս անձնական տարածք։
  • Մի փնտրիր «ճիշտ» պատասխաններ։
  • Գրիր նոթատետրում՝ առանց քեզ խմբագրելու։
  • Եթե որևէ հարց չափազանց ծանր է դառնում, կանգ առ և վերադարձիր միայն այն ժամանակ, երբ պատրաստ կլինես։
  • Հիշիր, այս աշխատանքը նախ և առաջ քեզ համար է։

Հասկանալ կապը

Ինչու երբեմն դժվար է հեռանալ, նույնիսկ երբ հարաբերությունն արդեն ցավ է պատճառում

Պատճառը միշտ չէ, որ միայն մարդն է։ Մեզ կարող են պահել ծանոթ օրինաչափությունները, չբավարարված կարիքները, մեր մասին պատմությունները և այն ապագան, որը մենք կապել ենք այդ հարաբերության հետ։ Ստորև ներկայացված են, որոշ բացատրություններ, բայց դրանք կարող են բոլորի համար նույն կերպ չգործեն։

1

Ծանոթը կարող է ավելի կանխատեսելի թվալ

Եթե անկայունությունը, սիրո պակասը կամ մշտական սպասումը վաղուց ծանոթ փորձ են, նման հարաբերությունը կարող է տարօրինակ կերպով «ծանոթ» զգացվել։ Բայց ծանոթ լինելը դեռ չի նշանակում անվտանգ լինել։

2

Ակտիվանում են կարևոր կարիքներ

Ընտրված լինելու, սերը վաստակելու, մեկին փրկելու կամ սեփական արժեքն ապացուցելու կարիքը երբեմն կարող է հարաբերությունը պահել ավելի ուժեղ, քան ներկա իրականությունը։

3

Ներկան հիշեցնում է անցյալի փորձը

Անհասանելի կամ քննադատող զուգընկերոջ հետ հարաբերությունը կարող է արձագանքել ավելի վաղ ապրած ցավին։ Այդ նմանությունը հասկանալը կարևոր է, բայց այն ինքնին ախտորոշում չէ և պարտադիր չէ, որ բացատրի ամեն հարաբերություն։

4

Հեռանալը փոխում է քո մասին պատմությունը

Եթե տարիներ շարունակ քեզ ճանաչել ես որպես մարդ, ով «ամեն ինչին դիմանում է» կամ «երբեք չի հանձնվում», հեռանալը կարող է թվալ ոչ միայն բաժանում, այլ նաև ինքնության կորուստ։

5

Դժվար է հրաժեշտ տալ սպասված ապագային

Երբեմն մենք սգում ենք ոչ միայն այն, ինչ եղել է, այլ նաև այն, ինչ կարծում էինք՝ դեռ կարող է լինել։ «Միգուցե փոխվի» հույսը կարող է երկար պահել մեզ հարաբերության մեջ, եթե այն շփոթում ենք ներկա փաստերի հետ։

6

Կապը պահում է օրինաչափությունը

Մարդուց հեռանալը միշտ չէ, որ անմիջապես փոխում է ներքին մեխանիզմները։ Այդ պատճառով այս ուղեցույցը կենտրոնանում է ոչ միայն բաց թողնելու, այլ նաև այն օրինաչափությունը ճանաչելու վրա, որը այլևս չես ուզում կրկնել։

Հույսը երբեմն դառնում է այն թելը, որով մենք շարունակում ենք կապված մնալ ոչ թե իրական հարաբերությանը, այլ դրա հնարավոր տարբերակին։

Ուղեցույցի հաջորդ քայլը

Դու մենակ չես

Այս ուղեցույցը կարող է օգնել տեսնել՝ ինչն է քեզ պահում հարաբերության մեջ և օգնել ձևավորել նոր մեխանիզմներ: RESET-ը անցկացնում է փակ առցանց ուղիղ եթեր, որը ստեղծված է, որպեսզի դու անցնես այս ճանապարհը հոգեբանի ուղեկցությամբ: Եթերից հետո դու կհասկանաս՝
Ընտրություն →Կարիք → Կապ → Կորուստ → Մարմնի արձագանք,
մեխանիզմը և կտեսնես իրատեսական լուծումը:

01

Ո՞ր կարիքներն, վախերը և հույզերն են մեզ պահում այդ կապերում,

02

Ի՞նչ պետք է փոխվի քո ընտրությունների և սահմանների մեջ, որպեսզի հաջորդ հարաբերությունը չդառնա նախորդի կրկնությունը,

03

Հանդիպումից դուրս կգաս անցյալը բաց թողնելու և նոր սկիզբ ստեղծելու քո առաջին հստակ քայլով:

10-օրյա ճանապարհ

Յուրաքանչյուր օր ունի մեկ նպատակ։ Պատասխանները գրիր քո նոթատետրում, իսկ առավոտյան և երեկոյան պրակտիկաները կատարիր բոլոր տասը օրերի ընթացքում։

01

Օր առաջին

Ի՞նչն է իրականում ինձ պահում

Այսօրվա նպատակը որոշում ընդունելը չէ։ Նպատակը նկատելն է՝ ցավից, վախից, հույսից կամ հին փորձից որն է քեզ կապում հարաբերությանը։

Բացիր նոթատետրդԱռանձնացրու 45–60 րոպե։ Պատասխանիր անշտապ և հնարավորինս անկեղծ՝ կարծես խոսում ես քեզ համար ամենավստահելի մարդու հետ։
  1. Իմ ո՞ր մասն է հավատում, թե այս ցավը «նորմալ» է, որ ես դրան «արժանի եմ», կամ որ այն ավելի ապահով է, քան միայնակ լինելը։
  2. Ե՞րբ եմ առաջին անգամ սովորել, որ սերը պետք է վաստակել, հանդուրժել կամ ապացուցել։
  3. Եթե դադարեմ փորձել «շտկել» այս հարաբերությունը, ո՞ր զգացումից եմ իրականում վախենում։
  4. Եթե հեռանամ, ի՞նչ կկորցնեմ, և ի՞նչ վերջապես կարող եմ ձեռք բերել։
  5. Իմ նվիրվածությունը սիրո՞ւց է, թե՞ նորից սկսելու վախից։
  6. Ինչպիսի՞ն եմ ես այս հարաբերության մեջ, և ինձ դո՞ւր է գալիս իմ այդ տարբերակը։
  7. Եթե սա ապրեր իմ սիրելիներից մեկը, ի՞նչ կասեի նրան։
  8. Անցյալում ո՞վ է ինձ նման ձևով վերաբերվել։
  9. Մանկությանս ո՞ր հուզական մթնոլորտն է սա հիշեցնում։
  10. Արդյո՞ք քաոսն ինձ երբեմն ավելի ծանոթ է թվում, քան հանգստությունը։ Եթե այո՝ ինչո՞ւ։
Փակելուց առաջ․ հետևիր մտքերիդ՝ կարծես դիտորդ ես։ Ընդգծիր այն նախադասությունները, որոնք ամենաշատը կանգնեցրին քեզ։ Եթե լարվածությունը ուժեղանում է, ընդմիջիր և վերադարձիր միայն այն ժամանակ, երբ քեզ ավելի կայուն ես զգում։
02

Օր երկրորդ

Դատարկությունը չլցնել մեկ ուրիշով

Երբ հարաբերությունից հեռանալու մասին ես մտածում, կարող են առաջանալ տխրություն, բարկություն, շփոթվածություն կամ մերժվածության զգացում։ Դրանք կարող են լինել ծանր, և դու իրավունք ունես դանդաղեցնել աշխատանքը։

Այսօրվա միտքըԴատարկությունը փորձիր լցնել կառուցվածքով, խնամքով և կյանքի հետ նոր կապերով՝ ոչ շտապ կերպով մեկ ուրիշ մարդով։
  1. Օրվա ո՞ր պահերին եմ ամենաշատը զգում դատարկությունը։
  2. Ի՞նչ եմ սովորաբար անում, որպեսզի անմիջապես չզգամ այն։
  3. Այս պահին ո՞ր փոքր կառուցվածքը կարող է ինձ հենարան տալ։

Առավոտյան միտք

Երեք փոքր քայլ

Գրիր երեք իրատեսական բան, որոնք այսօր կարող ես անել քեզ փոքր-ինչ ավելի լավ զգալու համար։

Երեկոյան անդրադարձ

Վերադարձ քեզ

Գրիր՝ ինչ արեցիր քեզ համար, ինչ ազդեցություն ունեցավ և ինչի կարիք ունես, որ կարող ես ինքդ բավարարել քեզ համար վաղը։

03

Օր երրորդ

Վերականգնել կապը սեփական կյանքի հետ

Բաց թողնելը միայն կապը պակասեցնելը չէ։ Դա նաև սեփական առօրյան նորից տեսնելն է՝ որպես մի տարածք, որտեղ կան մարդիկ, հետաքրքրություններ և ծրագրեր, որոնք քեզ վերադարձնում են քեզ։

Բացիր նոթատետրդԱյս հարցերը կօգնեն նկատել, թե հարաբերությունից դուրս ինչն է դեռ կապում քեզ սեփական կյանքիդ հետ։
  1. Ո՞ր մարդկանց հետ եմ ինձ հանգիստ և չդատված զգում։
  2. Ի՞նչ հաճելի զբաղմունք եմ երկար ժամանակ հետաձգել։
  3. Ո՞ր փոքր ծրագիրը կարող է այս շաբաթ վերադարձնել շարժման զգացումը։
  4. Ինչպիսի՞ խնամք է ինձ հիմա իսկապես անհրաժեշտ՝ ոչ միայն հաճելի։

Առավոտյան միտք

Ընտրիր կապը

Գրիր երեք փոքր քայլ՝ ուղղված քեզ, քո առօրյային կամ անվտանգ մարդկանց հետ կապին։

Երեկոյան անդրադարձ

Նկատիր իրականը

Ո՞ր պահը այսօր թեկուզ մի փոքր ընդլայնեց քո կյանքը հարաբերությունից դուրս։

04

Օր չորրորդ

Մարմնին վերադարձնել հանգստության զգացումը

Այսօրվա նպատակը որևէ զգացում «անջատելը» չէ։ Ընտրիր պարզ գործողություններ, որոնք կարող են օգնել դանդաղեցնել, նկատել մարմինը և վերադառնալ ներկա պահին։

Բացիր նոթատետրդՆախ գրիր՝ մարմնիդ որ հատվածում ես հիմա ամենաշատը զգում լարվածությունը։ Ապա ընտրիր ստորև ներկայացված մեկ պրակտիկա։

Դանդաղ շնչառություն

Եթե քեզ հարմար է՝ ներշնչիր 4 վայրկյան, արտաշնչիր 6 վայրկյան և կրկնիր մինչև 10 անգամ՝ առանց ուժով խոր շնչելու։ Դադարեցրու, եթե գլխապտույտ կամ անհարմարություն ես զգում։

Դանդաղ զբոսանք

15–20 րոպե քայլիր առանց արդյունք պահանջելու քեզանից։ Նկատիր գույները, ձայները և ոտքերիդ հպումը գետնին։

Վերադարձ մարմնին

2–5 րոպե նկատիր՝ որտեղ կա լարվածություն, ջերմություն կամ հենարան։ Մի փորձիր անմիջապես փոխել զգացողությունը։

Քո հանգստացնող գործողությունը

Ընտրիր անվտանգ և քեզ ծանոթ մի գործողություն՝ լոգանք, երաժշտություն, թեյ, ձգումներ կամ հանգիստ խոսակցություն։

Առավոտյան միտք

Ի՞նչ է պետք մարմնիս

Գրիր երեք պարզ բան՝ հանգիստ, սնունդ, շարժում, օդ կամ աջակցություն։

Երեկոյան անդրադարձ

Ի՞նչ փոխվեց

Ո՞ր գործողությունից հետո մարմինդ թեկուզ մի փոքր ավելի հանգիստ զգաց։

05

Օր հինգերորդ

Ինքնադավաճանությունից դեպի ինքնահավատարմություն

Ինքդ քեզ չդավաճանելը մեկ մեծ որոշում չէ։ Այն փոքր, կրկնվող ընտրությունների շարք է՝ չսակարկել սեփական արժեքը և ցավը չանվանել սեր։

Բացիր նոթատետրդՊատասխանիր՝ առանց քեզ համոզելու, որ ամեն ինչ «այնքան էլ վատ չէ»։ Այստեղ կարևոր է նկատել այն պահերը, երբ հեռացել ես ինքդ քեզանից։
  1. Ո՞վ եմ ես, երբ չեմ փորձում մարդկանց «շտկել»։
  2. Եթե դադարեմ ինձ ամբողջությամբ տալ ուրիշներին, ի՞նչ կմնա ինձ համար։
  3. Արդյո՞ք անվտանգ մարդիկ երբեմն ինձ անհետաքրքիր են թվում։ Ի՞նչն է իրականում պակասում այդ հանգստության մեջ։
  4. Այս հարաբերության մեջ ո՞ր պահերին եմ հեռացել իմ իսկ սահմաններից։
  5. Ի՞նչ փոքր ընտրություն կարող եմ անել այսօր՝ ինձ հավատարիմ մնալու համար։

Առավոտյան միտք

Մի փոքր «այո» քեզ

Գրիր երեք քայլ, որոնցով այսօր պաշտպանում ես քո ժամանակը, ուժը կամ սահմանները։

Երեկոյան անդրադարձ

Որտե՞ղ մնացի ինձ հետ

Նկատիր թեկուզ մեկ պահ, երբ չանտեսեցիր քո զգացումը կամ կարիքը։

06

Օր վեցերորդ

Ի՞նչ էի փորձում ստանալ այս հարաբերությունից

Երբ պարզ է դառնում ոչ միայն ում ենք ուզում, այլ նաև ինչ ենք փորձում նրանից ստանալ, կարիքը հնարավոր է տեսնել հարաբերությունից առանձին։

  1. Ի՞նչ երազանք էի կապել այս մարդու հետ։
  2. Ի՞նչ եմ փորձում այս մարդուց ստանալ, որը իմ կյանքում դատարկ է կամ երբեք բավարար չափով չեմ ստացել։
  3. Ի՞նչ ապագայի մասին եմ երազում, և այդ ապագայից ո՞ր մասն է կախված հենց այս մարդուց։
  4. Այդ կարիքներից ո՞րը կարող եմ սկսել հոգալ այլ, ավելի անվտանգ ձևով։
Տարբերակիր երեք շերտ․ ինչ կա հարաբերության մեջ հիմա, ինչ ես հույս ունեցել ստանալ, և ինչի կարիք ունես անկախ այդ մարդուց։

Առավոտյան միտք

Կարիքից դեպի քայլ

Ընտրիր մեկ կարիք և գրիր երեք փոքր քայլ, որոնք այսօր կարող են աջակցել դրան։

Երեկոյան անդրադարձ

Ի՞նչ ստացա այլ աղբյուրից

Նկատիր՝ աջակցություն, հանգստություն կամ արժեքավորության զգացում որտեղի՞ց ստացար այսօր։

07

Օր յոթերորդ

Ի՞նչ է ինձ անհրաժեշտ հիմա

Այս օրը ապագայի մեծ լուծումների մասին չէ։ Այն ներկա պահի իրական կարիքը ճանաչելու մասին է։

  1. Հիմա ինձ առավել շատ ի՞նչ է պետք՝ պարզություն, անվտանգություն, հանգիստ, աջակցություն, թե՞ սահման։
  2. Ո՞ւմ կարող եմ դիմել՝ առանց ամբողջ պատմությունը բացատրելու պարտադրանքի։
  3. Ի՞նչ որոշում դեռ պարտադիր չէ կայացնել այսօր։
  4. Ո՞ր մեկ քայլն է և՛ փոքր, և՛ ինձ պաշտպանող։

Առավոտյան միտք

Այսօրվա առաջնահերթությունը

Գրիր երեք փոքր քայլ և ընտրիր դրանցից միայն մեկը որպես պարտադիր։

Երեկոյան անդրադարձ

Արդյո՞ք լսեցի ինձ

Ի՞նչ կարիք նկատեցիր այսօր, նույնիսկ եթե դեռ չկարողացար լիովին հոգալ այն։

08

Օր ութերորդ

Ո՞ր օրինաչափությունն այլևս չեմ ուզում կրկնել

Բաց թողնելը դառնում է ավելի կայուն, երբ հստակ ես տեսնում ոչ միայն անցյալ կապը, այլ նաև այն ձևը, որով այլևս չես ուզում կառուցել հարաբերություն։

  1. Ո՞ր վարքը նախկինում արդարացրել եմ, թեև այն ինձ ցավ է պատճառել։
  2. Ո՞ր սահմանն եմ կրկին ու կրկին հետ քաշել՝ հարաբերությունը պահպանելու համար։
  3. Ի՞նչ նշաններ եմ ուզում հաջորդ անգամ ավելի վաղ նկատել։
  4. Ի՞նչ չեմ ուզում այլևս ապացուցել սիրո միջոցով։
  5. Ինչպիսի՞ ընտրություն կլինի նոր օրինաչափության առաջին ապացույցը։

Առավոտյան միտք

Նոր օրինաչափության փորձ

Գրիր երեք փոքր վարք, որոնք այսօր ավելի համահունչ են քո սահմաններին։

Երեկոյան անդրադարձ

Ի՞նչ արեցի այլ կերպ

Նկատիր նույնիսկ ամենափոքր փոփոխությունը՝ պատասխանելու, սպասելու կամ ընտրելու ձևում։

09

Օր իններորդ

Իմ նոր ինքնությունը

Ո՞վ ես դու, երբ այլևս ամբողջ ուժդ չի գնում կապը փրկելուն։ Այս հարցերի նպատակը կատարյալ նոր «ես» ստեղծելը չէ, այլ քեզ վերադարձնել այն հատվածները, որոնք երկար ժամանակ երկրորդ պլանում էին։

  1. Իմ ո՞ր մասն է դեռ սպասում թույլտվության՝ լիարժեք ապրելու։
  2. Որտե՞ղ դեռ ինքս ինձ չեմ վստահում։
  3. Ի՞նչ եմ իրականում ուզում, ոչ թե միայն ձևացնում, որ ուզում եմ։
  4. Ինչպե՞ս կվարվեի, եթե հիմա իսկապես հավատայի, որ արժանի եմ լավ վերաբերմունքի։
  5. Ո՞ր զգացումն է հուշում, որ ես դավաճանում եմ իմ ճշմարտությանը։
  6. Որո՞նք են այն փոփոխությունները, որոնք գիտեմ՝ պետք է անեմ, բայց անընդհատ հետաձգում եմ։

Առավոտյան միտք

Ինչպե՞ս է ապրում նոր ես-ը

Գրիր երեք փոքր քայլ, որոնք համահունչ են այն կնոջը, ում հետ ուզում ես վերականգնել կապը՝ քեզ։

Երեկոյան անդրադարձ

Նոր ապացույց

Ի՞նչ արեցիր այսօր, որը հին պատմության մեջ գուցե չանեիր։

10

Օր տասներորդ

Անվտանգ և առողջ հարաբերության իմ չափանիշները

Վերջին օրը ոչ թե մեկ մարդու նկարագիր ստեղծելու, այլ հարաբերության որակը հստակեցնելու մասին է՝ ինչպես ես ուզում քեզ զգալ, ինչն է անընդունելի, և ինչն է դառնում նոր չափանիշ։

  1. Անվտանգ սերն ինչպե՞ս է զգացվում իմ մարմնում և առօրյայում։
  2. Ի՞նչ հատկանիշներ ունի առողջ հարաբերությունը՝ հաղորդակցության, վստահության, սահմանների և պատասխանատվության առումով։
  3. Ինչպիսի՞ն է զուգընկերս, երբ հարաբերությունը առողջ է։
  4. Ինչպիսի՞ն եմ ես այդ հարաբերության մեջ։
  5. Ո՞ր երեք պայմաններն այլևս բանակցելի չեն ինձ համար։
Դիր աչքիդ առաջ․ նոթատետրում առանձնացրու այս պատասխանները։ Դրանք խոստում չեն, որ ամեն ինչ անմիջապես հեշտ կլինի։ Դրանք քո նոր չափանիշների հիշեցումն են։

Առավոտյան միտք

Ապրիր չափանիշիդ համաձայն

Գրիր երեք փոքր քայլ, որոնցով այսօր ստեղծում ես այն հարգանքն ու անվտանգությունը, որը ցանկանում ես հարաբերության մեջ։

Երեկոյան անդրադարձ

Տասը օրվա ամփոփում

Ի՞նչ ես այժմ ավելի հստակ տեսնում՝ ինչն էր քեզ պահում, ինչն է քեզ անհրաժեշտ և ինչ այլևս չես ուզում կրկնել։

Սա Վերջը չէ՝ այլ նոր Սկիզբ

Բաց թողնելը միշտ չէ, որ մեկ որոշում է

Այս 10 օրը պարտադիր չէ, որ ավարտի քո ամբողջ ներքին գործընթացը։ Բայց այն կարող է օգնել ավելի հստակ տեսնել՝ ինչն է քեզ պահում, ինչն է քեզ վնասում և այն ընտրությունները որոնք ավելի հավատարիմ են քեզ։

Եթե պատրաստ ես շարունակել ավելի խոր աշխատանքը

«Ծաղկունք»

Այս ծրագրում խորը աշխատանք է տարվելու ոչ միայն քո ինքնագնահատականի, այլ նաև ինքնընկալման և ներքին հենարանի կառուցման համար։

Կբացահայտես ներքին թաքնված մեխանիզմները ու կգիտակցես, թե որտեղից է գալիս քո անկայունությունը։
Կունենաս Միտք · Զգացմունքներ · Մարմին ամբողջական համակարգի ընկալում։
Կստեղծես քո նոր իրականությունը՝ ազատ արտաքին ազդեցությունից և սպասումներից։